«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Հանրային ռադիոյի երաժշտական դեմքը

Հանրային ռադիոյի երաժշտական դեմքը
22.01.2016 | 10:16

Դժվար թե այսքան մեծ շեղում լինի,
Եթե ամեն մարդ իր տեղում լինի։
Արամայիս ՍԱՀԱԿՅԱՆ

Սիրելի բանաստեղծ-երգիծաբանն այս երկտողը թեպետ գրել է տասնամյակներ առաջ, սակայն այն ավելի քան արդիական հնչեղություն ունի, և մեծ շեղումների մեր ժամանակներում, երջանիկ բարեբախտությամբ հատ ու կենտ իրենց տեղում գտնվողների հեռանալը ավելի քան ցավով ես ընդունում։
Անցած տարվա ավարտին հրաժարական տվեց Հանրային ռադիոն երկու տասնամյակ ղեկավարած գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը, ում գործունեությունը, առանց չափազանցության, կարելի է համարել ռադիոյի անկախության շրջանի ոսկեդար, երեքթևյան նետի սլացք` նյութատեխնիկական բազայի նորացում, հարստացում, նոր, բովանդակալից հաղորդաշարերի հղացում և թարմացում, և ամենակարևորը. կոլեկտիվի ներսում մարդկային փոխհարաբերությունների ջերմ և կայուն մթնոլորտի ստեղծում։ Այո, Արմեն Ամիրյանը, հայտնի կարգախոսի հանգույն, բարձրացավ և բարձրացրեց Հանրային ռադիոն` իր մարդկային նկարագրի, ստեղծագործ մտքի և անսպառ եռանդի եռագումարով։ Իսկ որքան հաղորդաշարեր են ստեղծվել իր առաջարկով. «Խելք խելքի», «Արմատներ», «Ապրելու բանաձև», «Էտյուդներ», «Տասնհինգ րոպեն քիչ է»` մաեստրոներ Մարտին Վարդազարյանի և Ռուբեն Մաթևոսյանի հեղինակությամբ, և վերջապես գագաթնակետը` «Ռադիոբեմի լույսերը»։ Սրանք բոլորն էլ ժամանակակից ռադիոյի որակի բարձրակետն են, սերուցքը։ Ճիշտ է, որքան էլ մեզ մխիթարենք ¥ռադիոյի աշխատակիցները նույնպես¤, որ պարոն Ամիրյանը ոլորտից չի հեռանա և ռադիոն դարձյալ իր գուրգուրոտ և սրտացավ հայացքի ներքո կգտնվի, սակայն...
Նրա լայնախոհ մտքի ամենացայտուն օրինակը կարելի է համարել այն փաստը, որ մեր բոլոր հրապարակումները «Իրատեսում», գովեստով և քննադատությամբ հանդերձ, նա զետեղում էր ֆեյսբուքյան իր էջում, միաժամանակ փաստելով, որ դրանք միակ անդրադարձն են ռադիոյի գործունեությանը ¥այս մասին վերջերս տեղեկացանք¤։
Ինչևէ. նա ուր էլ գնա, ինչ էլ անի, այն բացառիկներից է, որ միշտ իրենց տեղում են ¥թեպետ, ես կցանկանայի նրան տեսնել... մշակույթի նախարարության ղեկին¤։
Հանրային ռադիոյի ուղղվածությունը, գործունեությունը ևս երեքթևյան է` լրատվական, մշակութային և երաժշտական, բոլորն էլ` կրթադաստիարակչական ենթաշերտով։ Միշտ անդրադարձել ենք առաջին երկուսին, այս անգամ ամփոփենք երաժշտական ծրագրերին անդրադարձով։ Վերջին մեկուկես տարում անժխտելի է, որ դրականը շատացել է. Հանրային ռադիոն արդեն ոչ միայն խոսում, այլև երգում է հայերեն։ ՈՒնենալով նման հարուստ և հսկա ֆոնդ, օրվա մեջ հայկական ժողովրդա-գուսանական երգերին տրամադրել մոտավորապես... 30-40 րոպե՞։ Սա մե՜ծ բաց էր, որը, բարեբախտաբար, արդեն շտկվել է։ Նախկինում եթերը հեղեղված էր ամերիկաբրիտանական (չասեմ` մեղեդիներով) հնչյուններով` ոչ հուզական, ոչ ներդաշնակ, նյարդայնացնող։ Եթե միջանկյալ հայերեն խոսքը չլիներ, կկարծեիր, թե այդ երկրների որևէ ռադիոկայան ես միացրել։ Հայկական տխրահռչակ օտարամոլություն` «բարձրաճաշակության» քողի տակ։ Մի թերություն ունեն հիմա աշխատանքային օրերի երաժշտական, համերգային հատվածները. չեն հաղորդվում երգերի հեղինակների, ստեղծագործությունների և կատարողների անունները։ ՈՒնկնդրի գիտելիքի և կռահման վրա են թողնված, երաժշտական վիկտորինաներ են ասես` առանց վերջնական պատասխանի։
Եթե Վարուժան Պլուզյանի հրաշալի, ինքնատիպ երաժշտական ռադիոէսսեները մեզ ծանոթ և սիրելի էին դեռ խորհրդային տարիներից, ապա Սարգիս Դավթյանի «Էտյուդները» վերջին տարիների եթերային նվաճումներից է, անդրադարձ համաշխարհային ողջ երաժշտական անհատականություններին։ Այն ընդգրկում է բոլոր մայր ցամաքներն ու երկրները, նաև բոլոր երաժշտական ժանրերն ու ուղղությունները։ Այս ծրագիրը կարելի է համարել մեծ բացահայտումների շղթա. մարդկային, կատարողական, ոճային և ժանրային, ճակատագրերի խաչաձևումներ արվեստին։ Խորության և պարզության սքանչելի զուգորդմամբ Սարգիս Դավթյանն իր հերոս-հերոսուհիների ողջ ստեղծագործական և անձնական կյանքը (այնքանով, որ կարողանաս ճանաչել արվեստագետին նաև ներքուստ) ռադիոեթերային կինոնկարի է վերածում։ Այս ինտերնացիոնալ ծրագրով ես բացահայտեցի պորտուգալական ֆադոն և նրա թագուհին համարվող Ամալյա Ռոդրիգեսին, Չավելա Վարգասին, Լիլի Պոնսին, Լուսին Ամարային, Սեզարիա Էվորային, Բիլլի Հոլիդեյին, Գալինա Վիշնևսկայային, Մոնսերատ Կաբալիեին, Մստիսլավ Ռոստրոպովիչին, օպերային առաջին սևամորթ «դիվա» Մարիան Անդերսոնին, ինկերի վերջին արքայադուստր համարվող պերուացի Իմա Սումակին... Ո՞ր մեկին թվես. երգչակատարողական համաշխարհային ողջ ընտրանին` հայտնի և անհայտ, անցյալ և ժամանակակից։ Աշխարհագրական, ժանրային և ազգային պատկանելության զարմանալի հավասարակշռություն է այս ծրագրում, սակայն նկատելի տատանում կա ներկայացվող արվեստագետների սեռային հարցում. ավելի քան 80 տոկոսը կանայք են (գուցե, ըստ հեղինակի, կանայք ավելի տաղանդավոր են և քիչ ներկայացվա՞ծ)։ Երկար ընթացք այս բացառիկ հաղորդաշարին։
Բազմաթիվ երաժշտական ծրագրերից ևս մեկի և իր հեղինակի մասին խոսքով էլ ամբողջացնենք այս անդրադարձը։ Որքան «Գանձարան» ծրագիրը անթերի և բարձրարժեք է, նույնքան վերապահումներ կան «Մի գավաթ սուրճ Ալիսայի հետ» հաղորդաշարի առումով։ Երկուսի հեղինակն էլ երաժշտական բաժնի ղեկավար Ալիսա Քալանթարյանն է։ Մտերմիկ և անմիջական զրույցն անժխտելի է, բայց այն ողջ ընթացքում համեմել անհարկի և երկարատև ծիծաղի ելևէջումներո՞վ։ Սա ոչ միայն արժեզրկում է զրույցը, այլև... զրուցակիցներին։ Ձևական կաղապարներ պետք չեն, նաև` երբեմն չափը կորցրած ազատություն։ Ի վերջո, զրույցը ոչ թե սեփական տան մեջ է կայանում, այլ Հանրային ռադիոյում։ Ակադեմիականություն չէ մեր ուզածը, այլ պարկեշտ մոտեցում թե՛ հյուրի, թե՛ ունկնդրի, թե՛ միկրոֆոնի, թե՛ Հանրային ռադիոյի հեղինակության հանդեպ։ Նաև եսակենտրոն են գրեթե բոլոր զրույցները։ Մշտական ունկնդիրը ցանկության դեպքում կարող է գրել Ալիսա Քալանթարյանի կենսագրականն ու նախասիրությունները. երբ և որտեղ է ծնվել, սովորել, ում է աշակերտել, որտեղ է աշխատել, հանգստացել, ճամփորդել, հյուրընկալել և հյուրընկալվել, ում է սիրում և ատում։ Եսակենտրոնությունը երևում է նաև երաժշտական ոճերի և կատարողների մատուցման հարցում. ինքը չի սիրում ռուսական և իտալական երաժշտություն, այն իսպառ բացակայում է եթերից (մեր հեռախոսային բողոքից հետո հիմա երբեմն ծիկրակում են Ադրիանո Չելենտանոն և Գրիգորի Լեպսը), ինքը պաշտում է ամերիկա-բրիտանական աննոտաբաշխ հնչյունները` գերակշռողը եթերում դա է։ Նաև իր հեղինակած կիրակնօրյա «Երաժշտական օրացույցին» անդրադառնանք։ Այն տպավորությունն է, որ վերջին մեկ դարում միայն ամերիկաբրիտանացի երաժիշտ, երգիչ, կոմպոզիտորներ են ծնվել և ստեղծագործել, երբեմն էլ` իտալացի դասականներ։ Ոչ մի ռուսական անուն. «խեղճ» ռուս մշակույթ, որ այդքան «աղքատ» է և ոչ մի ազդեցություն չի թողել համաշխարհային մշակույթի վրա, չի կրթել և ուղղորդել այն։
Առհասարակ, եթե հանրային եթերով մշակույթ ներկայացնելու դերն ես ստանձնում, արդար հավասարակշռությունը պահպանելը ոչ թե ցանկալի, այլ պարտադիր է, այլապես գործունեությունդ եթե ոչ երկու, ապա մեկ ոտքից կաղ կլինի։ Գեղեցիկ և արդար չէ, նաև ստվեր է գցում բոլոր այն դրական կողմերի վրա, որ կան վերը նշածս ծրագրերում։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 16263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ